Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ներել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին, եթե նա վերադարձնի միլիարդները: Այդ մասին գրում է minval.az-ը:
Ինչպես նշում է պարբերականը, 3 ամիս է անցել ազգային անվտանգության նախկին նախարարի պաշտոնանկման եւ նախարարության վերացումից հետո: Այդ ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ տարիների ընթացքում ԱԱՆ-ի պաշտոնյաների հանցագործություններից հարյուրավոր տուժածներ եւ ականատեսներ:
Էլդար Մահմուդովը զրկվել է պաշտոնից, իսկ հատուկ ծառայության մարմնի մոտ 100 աշխատակից, ներառյալ նրա թիմից 10 գեներալ, ներկայումս կալանված են: Դատական գործը քննվում է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում:
Ստացվող տեղեկությունները հիմք են տալիս ասելու, որ Էլդար Մահմուդովի կալանման վտանգն արդեն անցել է: Չնայած նրան ներգրավել են հետաքննության մեջ, նրա նախկին աշխատակիցներից ոչ մեկը նրա դեմ ցուցմունք չի տվել: Նախկին նախարարին նույնիսկ վերադարձրել են բջջային հեռախոսները, որ նրանից վերցրել էին պաշտոնանկությունից հետո: Նրան իրավունք է տրվել զանգել, ում որ ցանկանա: Հաղորդվում է, որ ներկայումս Բիլգյա գյուղի ամառանոցում վերահսկողության տակ պահվող նախկին նախարարն ակտիվորեն օգնում է իր խնամուն` Ջհանգիր Հաջիեւին` վերադարձնելու Մեժբանկից վերցված միլիարդավոր դոլարները: Տեղեկություն կա, որ եթե Էլդար Մահմուդովը վերադարձնի Մեժբանկից վերցված եւ գանձարանը շրջանցած միլիարդները, կկարողանա խուսափել կալանքից: Հաղորդվում է, որ նախկին նախարարը զանգում է MBA-ից խոշոր վարկեր վերցրած անձանց եւ նրանց հանձնարարում է շտապել վարկը վերադարձնելու հարցում: Երեւում է` այս փուլում Մահմուդովին կալանքի առնելն անընդունելի է համարվում, գրում է պարբերականը:




























