Չինաստանի տնտեսությունում փոփոխությունները, ամբողջ աշխարհում ապրանքների ցածր գներն ու կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը սպառնալիք են պարունակում 2016 թվականին համաշխարհային տնտեսության աճի համար: Ըստ Gazeta-ի, այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի (ԱՄՀ) ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:
«Դրանցից մեկն այն է, ինչը ես «եռակի անցում» եմ կոչում Չինաստանի տնտեսությունում»,- ասել է Լագարդը:
Ըստ նրա, խոսքն արտադրական ոլորտից ծառայությունների հատված, արտահանումից՝ ներքին շուկայի կողմնորոշում, ինչպես նաեւ ներդրումներից սպառման անցման մասին է: Լագարդը նաեւ հույս է հայտնել, որ Չինաստանի իշխանությունները կվերահսկեն այս փոփոխությունները, ինչը կհանգեցնի գլոբալ ռիսկերի նվազմանը:
«Երկրորդ վտանգն ապրանքների գների նվազումն է: Այս միտումը նկատվում է վերջին 5 տարիներին, բայց այս տարվա ընթացքում նավթի գների անկումն ուժեղացրեց այդ միտումը»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ նաեւ պահանջարկի աճի նախանշաններ են ի հայտ գալիս:
Երրորդ վտանգը, RNS-ի փոխանցմամբ, նա համարում է ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը: Նրա խոսքով, այդ քաղաքականության հետեւանքով զարգացող երկրներից դեպի զարգացած երկրների կապիտալի հոսք է նկատվում: Ըստ նրա, դա կհանգեցնի որոշ զարգացող երկրներում արժույթի փոխարժեքի նվազման:




























