Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը խայտառակություն է, աբսուրդ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:

«Կարծում էինք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն օբյեկտիվ կլինի, սակայն տեսանք՝ ինչ որոշում կայացրեց: Աբսուրդ է, խայտառակություն»,- ասաց Վաղինակ Մարգարյանը:

Մահացած ծննդկանի հոր խոսքով՝ իրենք անպայման բողոքարկելու են որոշումը:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել է քննիչին ազատ արձակել նախօրեին ձերբակալված Շուշանիկ Բախշյանին:

Բժշկուհին այժմ ազատության մեջ է եւ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նա չի կարող մասնակցել քննչական գործողության:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:

Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։