Նոյեմբերյան քաղաքի մոտ օգոստոսի 30-ին արջի կողմից հարձակման ենթարկված 35-ամյա Արման Մամյանը ապաքինվել է, վերադարձել ավագ հրշեջի իր աշխատանքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմանը:

«Վնասվածքը մի քիչ զգացնել տալիս է, բայց լավ եմ: Արդեն մեկ ամիս է` աշխատում եմ, արջերին եմ էլի այցելում»,- ասաց Արման Մամյանը:

Հիշեցնենք, որ արջը հարձակվել էր Արմանի վրա, երբ նա անտառ էր գնացել մոշ հավաքելու: Արջը թաքնված է եղել մոշի թփերի մեջ ու հանկարծակի հարձակվել է: 12 տարի փրկարարի աշխատանքով զբաղվող Արմանը կռիվ է տվել նրա հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվել էր դուրս պրծնել արջի ճանկերից:

Արմանը ստացել էր աջ դաստակի ափային եւ թիկնային շրջանների կտրած-պատռած վերքեր, երկրորդ նախադաստակային ոսկորի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժումով, եւ ձախ սրունքի միջին եւ ստորին երրորդական շրջանների բազմաթիվ կտրած պատռված վերքեր:

Արման Մամյանը Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատում աշխատում է որպես օղակի հրամանատար: