Երեւանի Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի, նախօրեին ձերբակալված եւ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակված Շուշանիկ Բախշյանը հոսպիտալացվել է եւ դեռեւս մի քանի օր բուժում կստանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Երբ առավոտյան նրան դատարան բերեցին, վատառողջ տեսք ուներ: Նիստի ավարտին էլ ուշաթափվեց: Երբ շտապօգնությունը ժամանեց, պարզվեց, որ 39 աստիճան ջերմություն ունի եւ նրան անմիջապես հոսպիտալացրին»,- ասաց Սիրունյանը՝ նշելով, որ ախտորոշումը չգիտի:
Բժիշկները քննչական կոմիտեին հայտնել են, որ Բախշյանն առողջական խնդիր ունի եւ չի կարող մասնակցել որեւէ քննչական գործողություն, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակով:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:
Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առիթով օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























