Նավթի գների շուրջ իր կանխատեսումներով հայտնի ամերիկացի թրեյդեր Պիեռ Անդյուրանը կանխատեսում է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում նավթի գները կաճեն։ Նրա կարծիքով շուկան հասել է ամենացածր կետին։
Bloomberg-ին տված հարցազրույցում Անդյուրանը, որը անցյալ տարի կանխատեսել էր, որ նավթը 25 դոլարից էլ էժան է լինելու, հայտնել է, որ շուկան հասել է ամենացածր կետին, եւ առաջիկա 2 տարում գներն աճելու են։ Նրա խոսքով՝ 2016թ. մեկ բարել նավթը կարժենա 50 դոլար, իսկ 2017թ. 70 դոլար։ 2018թ. էլ նավթի մեկ բարելի գինը կհասնի 90 դոլարի։ Սակայն նա կարծում է, որ այդ գործընթացը ուղեկցվելու է գների բարձր տատանվողականությամբ, հայտնում է ՌԲԿ-ն։
Ցածր գների ժամանակաշրջանը կտեւի առավելագույնը 6 ամիս։ Նրա խոսքով՝ հիմա շատ հիմքեր կան ենթադրելու, որ երկարաժամկետ հեռանկարով նավթի սակարկությունների գինը կբարձրանա։ Խոսքը նաեւ մի շարք նավթային ընկերությունների սնանկանալու մասին է, որոնք չեն դիմացել նավթի ցածր գներին։ Անդյուրանը նշել է, որ ԱՄՆ թերթաքարային նավթի շուկան կդիմանա, սակայն այդ ոլորտում աշխատող ընկերությունները մեծ ջանքեր պետք է գործադրեն կորուստները համալրելու համար։



























