Պորտուգալիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է աջ կենտրոնամետ հայացքներ ունեցող Մարսելո Ռեբելո դի Սոուզան, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Քվեների 98 տոկոսի հաշվարկից հետո դի Սոուզան ստացել է 52,4 տոկոս ձայն, ինչն ապահովում է նրա հաղթանակն առաջին փուլում:
67-ամյա դի Սոուզան եղել է թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան, ապա դարձել է կառավարության անդամ, եղել Եվրախորհրդարանի պատվիրակ: Նա իրավունքի պրոֆեսորի կոչում ունի:
Դի Սոուզան գործող նախագահ Անիբալ Կավակու Սիլվային կփոխարինի մարտին, որն այդ պաշտոնում է 10 տարի:
Պորտուգալիայի նախագահի պաշտոնն, ըստ էության, արարողակարգային է: Նա չունի գործադիր իշխանություն, բայց ճգնաժամի պայմաններում կարող է ցրել խորհրդարանը:
Պորտուգալիայի ներկա կառավարությունը ձեւավորվել է սոցիալիստներից, որոնք խորհրդարանական ընտրություններում ավելի քիչ ձայն էին հավաքել, քան իրենց մրցակից սոցիալ-դեմոկրատները: Աջերը, սակայն, չէին կարողացել նոր կառավարություն ձեւավորել: Նոր կառավարությունը ձեւավորվել էր սոցիալիստների դաշնակիցներ Կոմկուսի եւ Ձախ բլոկի աջակցությամբ:




























