Եմենի մայրաքաղաք Սանայում արաբական կոալիցիայի օդային հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ՝ այդ թվում տեղի դատավորն ու նրա ընտանիքի անդամները: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է զինվորական աղբյուրը:

«Կոալիցիայի օդանավերը ռմբակոծել են մայրաքաղաքի վճռաբեկ դատարանի քրեական գործերով բաժնի ղեկավար Յահյի Մոհամեդ Ռուբեյդի տունը: Օդային հարվածի հետեւանքով շենքը փլուզվել է, զոհվել են դատավորը եւ նրա ինը ազգականները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հավելել է աղբյուրը, օդանավերը մայրաքաղաքային օկրուգում եւս մեկ հարված են հասցրել՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի շենքին:

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմում «Անսար Ալլա» շիա շարժման խռովարար հուսիներն են ու բանակի մի մասը, որը հավատարիմ է նախագահ Ալի Աբդալլա Սալեհին, իսկ մյուս կողմից՝ տապալված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերը, որոնց ցամաքում ու օդից աջակցում են արաբական կոալիցիայի ուժերը: Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան մարտի 26-ից օդային հարվածներ է հասցնում Եմենի այն շրջանների վրա, որոնք գտնվում են հուսիների վերահսկողության տակ: