Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ից հուլիսի 27-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով մեղավորը պետք է խստագույնս պատժվի: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Ով մեղք ունի Մերի Մարգարյանի մահվան հետ կապված, նա պիտի պատժվի խստագույնս: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ դժբախտություն է տեղի ունեցել, որի մեղավորը պետք է խոստագույնս պիտի պատժվի: Մինչդեռ մենք արդարությո՞ւն ենք փնտրում, թե՞ զոհ ենք փնտրում»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբանի խոսքով` օգոստոսի 1-ից Շուշանիկ Բախշյանը` որպես վկա, մասնակցել է քննչական գործողություններին, ցուցմունքներ տվել: Ինչ վերաբերում է հունվարի 22-ին բժշկուհու ձերբակալությանը, ապա Սիրունյանի պնդմամբ, իրենք կամավոր են ներկայացել քննիչի մոտ:
«Ինձ զանգեցին, ասացին, որ գնանք` ծանոթանալու փորձաքննության եզրակացությանը: Մենք ներկայանում ենք պայմանավորված ժամին եւ 17 րոպե անց նրան ձերբակալում են` առանց դատավարական կամ քննչական գործողություն կատարելու: Ես քննիչին ասացի` եթե կալանավորման հիմքեր ունեք, թողեք գնանք տուն, երկուշաբթի միասին գնանք դատարան` խափանման միջոց ընտրելու»,- ասաց փաստաբանը:
Ալեքսանդր Սիրունյանը վստահեցրեց, որ քննիչ Հարություն Բաղմանյանը չէր կարող մտավախություն ունենալ, որ բժշկուհին կդիմեր փախուստի, քանի որ այս ընթացքում նա երկու անգամ արտերկիր է մեկնել, ունի անժամկետ վիզա ԱՄՆ մեկնելու:
«Մենք ստիպված դիմեցինք ձերբակալության որոշումը բողոքարկելու քայլին»,- հավելեց փաստաբանը:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի է համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























