Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն իշխանության ձեւավորման մասին բանակցությունները նախընտրական որոշակի զարգացումների տանող քայլեր են: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

«Կուսակցությունն ինքն է որոշում իր կողմնորոշումը եւ երեւի ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններից հետո հասկացել է, որ  պատրաստ է  քաղաքական պատասխանատվության: Մենք ապրում ենք խառնակ ժամանակաշրջանում եւ կարծում եմ, որ այս երկու կուսակցությունների միջեւ պայմանավորվածությունները պետք է ուղիղ եթերով ընթանան, որպեսզի ժողովրդի մեջ գոնե մի քիչ վստահություն առաջանա»,-ասաց Վարդան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ–ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին, իսկ սահմանադրական հանրաքվեին ՀՅԴ-ն, երբեմն հանրապետականներից էլ առավել ջանասիրությամբ պաշտպանում էր նախագիծը։