Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ անձ նշված չէ:

«Որեւէ անձ ներկայացված չէ եզրակացության մեջ: Հունվարի 20-ին հարցաքննվել է փորձագետ Գագիկ Հարությունյանը, որը ասել է` հնարավոր է, որ Շուշանիկ Բախշյանն էլ մեղավոր լինի»,- այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրունյանը:

Փաստաբանի պնդմամբ, Մերի Մարգարյանի մոտ հայտնաբերվել է «Հելփ» հիվանդությունը, որի բուժման տարբերակը գտնողին «Նոբելյան մրցանակ» կտան. «Մերի Մարգարյանը մահացել է մի հիվանդությունից, որ հոսպիտալացնեին, մահանալու էր, չհոսպիտալացնեին, մահանալու էր: Ինքս ավելի բանական կհամարեի, որ ձերբակալեին բոլորին, որոնք առնչվել են, Շուշանիկ Բախշյանին էլ»:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի է համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։