Հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման եւ ճանապարհների երթեւեկելի հատվածներն աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի. աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր  մեքենասարքավորում եւ շուրջ 600 աշխատակից: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաեւ սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթեւեկելի հատվածների, այլեւ մայթերի, աստիճանավանդակների,  բակային տարածքների եւ կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում:

«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ եւ, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթեւեկելի հատվածների, ինչպես նաեւ մայթերի ու միջբակային տարածքների աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացմանը, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», - ընդգծել է քաղաքապետը: