Եթե այս քրեական գործով դատվող լինի, դա Շուշանիկ Բախշյանը չի լինելու, եթե անգամ նա դատվի՝  ապա միայն վերջում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ պատրաստվում է մի շարք միջնորդություններ ներկայացնել:

«Կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդություն ենք ներկայացնելու: Բացի դրանից, բազմաթիվ մարդիկ պետք է հարցաքննվեն»,- ասաց Սիրունյանը:

Փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալը ճիշտ է վարվել, ավելին եթե այս գործով ազատազրկվող մարդ լինի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու. «Ես խախտում եմ օրենքը եւ այստեղ հայտարարում, որ եթե դատվող լինի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու: Եթե դատվի էլ իմ պաշտպանյալը, ապա վերջում»:

Թե ում է կասկածում փաստաբանը, վերջինս չցանկացավ ասել` հորդորելով նախաքննական մարմնին պարզել մեղավոր անձի կամ անձանց շրջանակը:

Նշենք, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` հիմնավորված է, որ կա թերություն:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի է համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։