Հայ-ռուսական հարաբերությունների տեխնիկական կողմերը պետք չէ ճակատագրական համարել: Այդ մասին հունվարի 25-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով Ռուսաստանում  Հայաստանից ներմուծվող հում մսի եւ կաթի նկատմամբ կարճաժամկետ արգելքը   (փաստացիորեն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանից չի արտահանվում. խմբ.):

«Դա ընդամենը տեխնիկական հարց է, որը կկարգավորվի համապատասխան ստուգումներից հետո: Նման հարցեր կարող են ժամանակ առ ժամանակ ի հայտ գալ, եւ պետք չէ մանրի մեջ խոշորը փնտրել:  Չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը սահմանափակվում է տավարի կամ խոզի մսով», - հավելել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ արգելքը ժամանակավորապես մտցվել է Հայաստանում դաբաղի նոր տեսակի վերաբերյալ ստուգումների նպատակով: Այս շաբաթ հանրապետություն կգա «Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը»` ծանոթանալու հիվանդության վերացման ուղղությամբ հայ գործընկերների աշխատանքին: Հիվանդության դեմ պատվաստանյութն արդեն պատվիրվել է հատուկ պատվերով: Սննդանյութի անվտանգության պետական ծառայություններն այն կբերեն Ռուսաստանից: