Երեւանում հունվարի 21-ին «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին դանակահարելու մեջ մեղադրվողը հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:
Նշենք, որ նրան հունվարի 22-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Հունվարի 23-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի եւ ՊՊԾ գնդի ծառայողները Շերամի փողոցի թիվ 105 շենքից Արամ Վ.-ին բերման են ենթարկել ոստիկանություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մոտ, հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանը: Սաթումյանը վիրահատվել է, վիճակն այժմ կայուն է:
Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի ունենալու ժամանակ գանձապահ Գարեգին Սաթումյանն աշխատանքի մեջ է եղել, սակայն աշխատակիցների տեղեկություններով, դանակահարությունն առնչություն չունի գանձապահի աշխատանքի հետ:




























