ԵԽԽՎ բրիտանացի պատգամավորը չի կարողացել այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, չնայած փորձել է։ Այս մասին հունվարի 26-ին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալիս, ասել է դանիացի պատգամավոր Մորգենս Յենսենը՝ ներկայացնելով Ռոբերթ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» թեմայով զեկույցը։ Նշենք, որ հայկական պատվիրակությունը Ռոբերտ Ուոլթերին բազմիցս հրավիրել է այցելել Լեռնային Ղարաբաղ եւ կողմ է արտահայտվել բրիտանացի պատգամավորի հետ համագործակցությանը։

Մորգենս Յենսենը հիշեցրել է, որ 2014թ. սեպտեմբերին ԵԽԽՎ գրասենյակը որոշել էր Ուոլթերի առաջարկները հանձնել Քաղաքական հարցերով հանձնաժողովին, որպեսզի դրանք տեղ գտնեն զեկույցում։ Անունը պետք է որոշեր Հանձնաժողովը, որը, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, առաջարկել էր վերոնշյալ անվանումը։

«Զեկույցը, որը մենք այսօր քննարկելու ենք, 2015թ. նոյեմբերին ներկայացվել էր Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողով, եւ հայկական կողմը խնդրել էր չընդունել զեկույցը։ Հանձնաժողովի անդամները մերժել էին։ Հայկական կողմը հայտնել էր, որ համաձայն չէ զեկույցի հետ։ Փաստաթուղթն ուղղվել էր ԵԽԽՎ անդամներին ավելի քան մեկ ամիս առաջ։ Այդ պատճառով ես վստահ եմ, որ դուք բավական ժամանակ եք ունեցել փաստաթղթի  հետ ծանոթանալու եւ կարծիք կազմելու համար»,- ասել է Յենսենը։

Նշենք, որ Ռոբերտ Ուոլթերն այլեւս ԵԽԽՎ անդամ չէ, այդ պատճառով զեկույցն ինքը չի ներկայացնում։