Հայ ազգային կոնգրես խմբակցությունում մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Ջհանգիրյանը։

«Մեր կուսակցությունում այդ ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրելու,  ուրիշի առաջարկած թեկնածությանը սատարելու հարց չի քննարկվել: Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, դուք էլ դրա մասին կիմանաք»,-ասաց Ջհանգիրյանը։

Հիշեցնեք, որ այսօր «Իրատես de facto» թերթը գրել էր, որ չի բացառվում, որ օմբուդսմենի պաշտոնում առաջադրվի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։  «Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը՝ երկու պարզ պատճառով. Իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձեն մինչեւ վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլեւս խորհրդարան չմտնի, եւ ապա՝ Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասիայի կրտսեր եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը»:

Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ՝ ստանձնելով նախարարական որեւէ պորտֆել:

Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». Պատճառը՝ տես ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ», նմրանք ցանկանում են արեւմտյան «թեքումով» օմբուդսմեն»: