Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում եւ արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաեւ բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ: Այս մասին նա նշել է ԿԳՆ-ում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Դպրոցներին եւ ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ եւ կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի»,- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու:
ՀՀ ԿԳ նախարարը հատուկ անդրադարձել է նաեւ աշխատանքային կարգապահության խնդիրներին՝ շեշտելով, որ ներքին կարգապահության եւ ընթացիկ աշխատանքների իրականացման որակի նկատմամբ ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվելու: Խորհրդակցության ընթացքում տրվել են նաեւ կազմակերպչական հանձնարարականներ՝ ՀՀ կառավարական նոր մասնաշենք ԿԳՆ-ի տեղափոխվելու վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնել է պատվոգրեր եւ շնորհակալագրեր ՀՀ ԿԳՆ-ի եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարի հաղթողներին:



























