Անցած տարվա հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը դեռեւս դուրս չի գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Իմ պաշտպանյալն արդեն 4-րդ օրն է՝ ջերմություն ունի: Ինչքան որ ես եմ տեղյակ, պետք է կոնսիլիում հրավիրվի՝ Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը պարզելու եւ հետագա քայլերը որոշելու համար»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի էր համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան: Դրանից հետո բժշկուհուն հիվանդանոց էին տեղափոխել: Մերի Մարգարյանի հարազատները, սակայն, համոզված են, որ այս ամենը բեմադրություն էր, իսկ Շուշանիկ Բախշյանն էլ առողջական խնդիր չուներ հոսպիտալացվելու համար:
Հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Շուշանիկ Բախշյանի փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը շարունակում են պնդել, որ իրենց պաշտպանյալի ձերբակալությունն ապօրինի էր, ավելին նրա մեղավորությունը որեւէ կերպ ապացուցված չէր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն 2015թ. հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























