ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. հունվարի 21-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առեւտրի շրջանառությանը, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը` 105.2%, ծառայություններինը` 102.7%, իսկ շինարարությանը` 100.3 %:
Առեւտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով, ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:
Արդյունաբերության աճի տեմպը հունվար-դեկտեմբերին կազմել է 105.2%, ընդ որում 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 110.8%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 109.3%:
Նշենք, որ ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել են 2015թ. արդյունաբերական արտադրանքի ծավալի ամսական ցուցանիշների ճշգրտումներ` պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ինչի վերաբերյալ վերանայված տվյալները ռեսպոնդենտի կողմից տրամադրվել են 2016թ. հունվարին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 120.5%, նաեւ էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է 3.4% նվազում:
Նշենք, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2014թ. համեմատությամբ, 2015թ. պղնձի գները նվազել են 6.2%-ով, իսկ մոլիբդենինը` 42.1%-ով):
Չնայած մշակող արդյունաբերության աճի նվազմանը` վերջինիս ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետեւյալ ճյուղերում` «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 145.0%, «Համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրությունում»` 130.8%, «Ադամանդների մշակման»` 114.9%, «Դեղագործական արտադրանքի արտադրությունում»` 128.5%, «Հագուստի արտադրությունում»` 112.8% եւ «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 104.1%:
Նվազում է գրանցվել «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -44.6%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -26.5%, «Ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -28.7%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -28.8%, «Խմիչքների արտադրությունում»` -13.2%, «Սննդամթերքի արտադրությունում»` -16.0%, «Քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -11.5%: «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունում»` -9.6%, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -6.6%:
Չնայած արտադրության ծավալների նվազմանը, առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող «Խմիչքների արտադրության» ենթաճյուղի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 0.3%-ով, իսկ դեպի այլ երկրներ` 71.5-ով: Արտադրության ծավալների նվազման դիմաց «Հիմնային մետաղների արտադրություն» ենթաճյուղի դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալն աճել է 29.0%-ով, իսկ «ոսկերչական զարդերի արտադրություն» ենթաճյուղի արտահանումը ԱՊՀ երկրներ աճել է 5.7%-ով:
Վերը նշված մյուս ենթաճյուղերի ցուցանիշների նվազումը պայմանավորված է արտաքին պահանջարկի նվազմամբ: Մասնավորապես, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտահանումը այլ երկրներ նվազել 21.3%-ով, էլեկտրական սարքավորանքի արտահանումը ԱՊՀ երկրներ նվազել է 42.9%-ով, իսկ այլ երկրներ նվազել է 50.8%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, արտահանումը` 3.9%-ով, իսկ ներմուծումը` 26.5%-ով: Նշենք, որ պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ներմուծման ամսական ցուցանիշները ՀՀ ԱՎԾ կողմից ճշգրտվել են:




























