Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 25-ին Մելքոնյան եղբայրներին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակահարել է նրանց փեսան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:
Աներորդիների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշատի բնակիչ Գ.Հակոբյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նշենք, որ Ֆրունզ եւ Պարույր Մելքոնյանները կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Նախնական քննության տվյալներով՝ եղբայրներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքները պատճառվել են Բուրաստան գյուղում՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ իրենց փեսայի կողմից։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու եղբայր դանակահարված վիճակում տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով եղբայրները վիճաբանել են իրենց ծանոթի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց։ Եղբայրները 31 եւ 29 տարեկան են։ Իսկ դանակահարության մեջ կասկածվողը՝ 27:
Մեր տեղեկություններով, դանակահարության մեջ կասկածվող անձը երեկ գիշեր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ բաց թողնվել:



























