Հայաստանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ եթե միահամուռ աշխատում ենք, կարող ենք հաջողություն գրանցել: Այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով նախօրեին կայացած ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ երկու հակահայկական զեկույցների քվեարկությանը:
«Բավականին բարդ է հայկական կողմի համար նման միջազգային վեահոժողովներում, քանի որ ադրբեջանական եւ թուրքական լոբբինգն ուժեղ է: Երկու զեկույցների հեղինակներն էլ հայտնի են իրենց հակահայ դիրքորոշումներով: Հետեւաբար, մեզ համար բարդ էր այնպես անել, որ Ուոլթերի զեկույցը չընդունվի: Սակայն մենք ապացուցեցինք, որ եթե միահամուռ ենք, կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` հայկական կողմը նախօրեին կատարվածից հետեւյալ հետեւությունները պետք է անի` որեւէ պարագայում զիջել չի կարելի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր բարձրության վրա էր եւ աննախադեպ քայլ կատարվեց:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։




























