Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով Հունվարի 25-ին «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխված 21-ամյա Անժելա Մ.-ի պտուղը բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատումով հեռացնել, քանի որ ընկերքի կենտրոնական շերտազատում է սկսվել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապարան» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը: Նրա խոսքով, 32 շաբաթական հղի կինն իրենց մոտ է տեղափոխվել Ծաղկահովիտի «Շտապօգնության» մեքենայով, բժիշկները կնոջը հետազոտել են, հսկողության տակ են պահել, սակայն չեն կարողացել փրկել պտղին:
«Էխո արեցինք, պտղի սրտի զարկը ցածր էր, բայց ընկերքի կենտրոնական շերտազատում սկսվեց, եթե կենտրոնական չլիներ, հնարավոր կլիներ փրկել պտուղը: Մեզ մոտ տեղափոխելուց մեկ ժամ անց կեսարյան եղանակով հեռացրինք պտուղը»,-ասաց տնօրենը:
Հայկ Շմավոնյանի խոսքով, 21-ամյա կնոջ առողջական վիճակն այժմ լավ է, նա ապաքինվում է: Ավտովաթարից տուժած նրա ամուսինը կոնքի կոտրվածքով գտնվում է նույն բժշկական կենտրոնում:




























