Հանուն Հայաստանի Դաշնակցությունը միշտ պատրաստ է եղել համագործակցել իշխանության հետ, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները՝ կոալիցիա ձեւավորելու շուրջ:

«Եթե մինչեւ հիմա չգիտեք Դաշնակցությանը, ապա ասեմ ձեզ հետեւյալը. նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ մեր ընկերները նստած էին բանտերում, մենք պատրաստ էինք բանակցություններ վարել հանուն Հայաստանի շահերի: Ուստի պետք չէ զարմանալ, որ հիմա էլ մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած իշխանության հետ, եթե կարողանանք քաղաքական թեկուզ հիմնական հարցերում ընդհանրություն գտնել: Այստեղ մենք տեսնում ենք նման ընդհանրություն մեր մոտեցումների հետ, հատկապես Սահմանադրական փոփոխությունների մասով»,-ասել է Մանոյանը:

Հարցին, թե ի՞նչ պաշտոնների է հավակնում ՀՅԴ-ն, Մանոյանը պատասխանեց, որ կոալիցիա մտնելու մասին հիմա խոսք չկա: «Մենք քննարկում ենք համագործակցության ձեւաչափերը: Կոալիցիա կարող է եւ չլինել: Հնարավոր է, ուղղակի համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրվի»,-ամփոփել է ՀՅԴ ներկայացուցիչը: