ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարին վերաբերվող զեկույցը նույնպես կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան պաշտոնական փաստարկները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության անդամ Հայկ Խանումյանը:
Նա մասնավորապես, գրել է. «ԵԽԽՎ բանաձեւերի մասին: Սարսանգին վերաբերվող բանաձեւը նույնպես կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան պաշտոնական փաստարկները: Սրա փոխարեն ինչ-որ ընդհանուր ձեւակերպումներով ու լոլոներով սահմանափակվեցին, ինչն էլ բերեց բանաձեւի ընդունմանը: Ընդհանուր առմամբ բանաձեւերը տապալելու աշխատանքները բավականին ուշ սկսվեցին, ինչը նույնպես երկրորդ բանաձեւի քվեարկության վրա իր ազդեցությունն ունեցավ: Իսկ որոշ երկրների պատվիրակների խիստ ադրբեջանամետությունը պետք է ուշադիր ուսումնասիրվի եւ լուրջ աշխատանք տարվի նրանց հետ:
Ուկրաինայի պատվիրակների ամբողջ կազմով կողմ քվեարկելու մեջ, օրինակ, մեղավորը Արցախի իշխանություններն են: Չլինեին Չեռնենկոյի ժամանակներից մնացած որոշ ուղեղների նախաձեռնությունները` հնարավոր կլիներ ուկրաինացի որոշ պատվիրակների չեզոքացնելը»:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։




























