Երեք տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով տնից զրկված Արարատի մարզի Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքը այսօր՝ հունվարի 27-ին, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով վերահսկողության տակ վերցնել իրենց՝ «Գազպրոմ Արմենիայի» դեմ ներկայացված քաղհայցի քննությունը: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ նախագահականի Վերահսկողության բաժնում ընդունել են իրենց եւ խոստացել, որ գործը կառնվի իրենց վերահսկողության տակ եւ այլեւս դատական նիստերն անհասկանալի պատճառներով  չեն հետաձգվի:

«Մեզ խոստացան, որ գործը կվերահսկվի, իրենց ընդառաջ գնալով այսօր կգնանք տուն, կսպասենք, եթե հաջորդ դատական նիստն էլ չկայանա, մեզ ոչ ոք այլեւս չի կարողանա հետ պահել մեր քայլերից»,-ասաց Արտակ Պետրոսյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշել էր, որ ճարտարագիտատեխնիկական փորձաքննությամբ էլ է պարզվել, որ ապացուցվել է, որ տունը պայթել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից շահագործվող ապօրինի գազի գծի պատճառով:

Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը «Գազպրոմ Արմենիայից» գումար եւ բնակարան է պահանջել որպես փոխհատուցում, քանի որ 2013թ. Պետրոսյանների տունը պայթել էր տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակների պատճառով: Ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել էր, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ էր դարձել:

Ընտանիքը դեռ ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է: