Ռուսաստանում ադրբեջանցի ավագ պրապորշչիկը սպանել է իր հայրենակցին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով nation-news.ru կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել Կոմի Հանրապետության Միկուն քաղաքի համար 31 գաղութի տարածքում։  Ավագ պրապորշչիկ Ալիեւը հերթապահություն իրականացնելիս սպասում էր դատապարտյալին, որին պետք է բերեին հիվանդանոցից։

Նախնական տեղեկություններով՝ Ալիեւը վերցրել է ինքնաձիգը, մոտեցել մեքենային, որի մեջ եղել է մայոր Հասանովը, եւ կրակել նրա վրա։ Մայորը փորձել է փախչել, սակայն վայր է ընկել, որից հետո սպանվել է ստուգողական կրակոցից։

Պրապորշչիկը փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով սրտին, սակայն վրիպել է եւ վայր գցել զենքը։

Աղբյուրը հայտնում է, որ Ալիեւն ու Հասանովը ընկերներ էին, սակայն նրանց հարաբերությունները փչացել էին այն բանից հետո, երբ Ալիեւը միանվագ գումար եւ բնակարան էր ստացել։ Սպանվածի գործընկերները հայտնել են, որ Ալիեւը անցյալ տարվա նոյեմբերին ամուսնալուծվել էր եւ պլանավորում էր վերադառնալ Ադրբեջան։ Հասանովը փորձել էր համոզել նրան, ինչի պատճառով նրանք վիճել էին եւ չէին շփվում։