Վանաձորում 2 տարի առաջ հոկտեմբերին սպանված 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի գործով հունվարի 26-ին նշանակված դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է:
NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը հայտնեց, որ մեղադրող կողմը կրկին չէր ներկայացել:
«Դատախազները գրություն էին ուղարկել, որ եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարող նիստին ներկայանալ»,- ասաց փաստաբանը:
Դատաքննությունն ավարտվել է դեկտեմբերի 26-ին: Սպասվում էր, որ դեկտեմբերի 28-ին մեղադրող կողմը ճառով հանդես կգա, սակայն նիստը հետաձգվել էր եւ նշանակվել հունվարի 18-ին, որը նույնպես հետաձգվեց:
Նշենք, որ մահացած պատանու հարազատները չեն հավատում, որ սպանությունը կատարել է գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը: Կունգուրցեւն էլ է պնդում, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























