Հայաստանի գյուղերում գազից զանգվածային հրաժարման մասին լուրերն անհիմն են: Այս մասին հունվարի 27-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում հայտնել է «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը:

Նա նշել է, որ հանրապետությունում 2015թ. գազի սպառումը ընդհանուր առմամբ չի նվազել, նույնիսկ մի քիչ աճել է: Նկատենք, որ Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանի մի քանի օր առաջ ներկայացրած տվյալներով՝ բնակչության կողմից գազի սպառումը 2015 թ. կազմել է 536 մլն խորանարդ մետր կամ էլ մոտավորապես 4 տոկոսով շատ, քան 2014թ. (516 մլն ):

«Անցած մի քանի տարիներին անհատ բաժանորդները մեր երկրում մոտավորապես 510-530 մլն խոր. մետր գազ են ծախսում: Քաղաքներում ավելի շատ են ծախսում, բայց այնտեղ սովորաբար չկա այլընտրանք՝օրինակ փայտ: Ի դեպ, փայտը ոչ միշտ է հնարավոր գազից ավելի էժան համարել»,- նկատեց Թադեւոսյանը: Դրա համար էլ պետք չէ ասել, որ գյուղերում ամենուրեք անջատում են գազի վառարանները ու փայտ են այրում կամ աթար, հավելեց նա:

Թադեւոսյանի խոսքով, գազի սպառումը քիչ ավելի ցածր է Տավուշի մարզում, որտեղ կլիման ավելի տաք է: Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրին, Շիրակի կամ Գեղարքունիքի մարզերին, ապա այնտեղ սպառումն ամենեւին էլ չի նվազել: