Օրագիրը դպրոցում մոռանալու համար 9-ամյա որդուն ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Սարգիս Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական նիստից:

Ըստ Սարգիս Մ.-ն հոկտեմբերի 2-ին աշակերտական օրագիրը դպրոցում մոռանալու հարցի շուրջ վիճաբանել է 9-ամյա որդու հետ: Այս ընթացքում հայրը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել որդու դեմքին եւ կրծքավանդակի շրջանին:

Սարգիս Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ստորագրություն չհեռանալու մասին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է անչափահաս տուժող Ս. Մ.-ն դիմումը հետեւյալ բովանդակությամբ. «Ես մայրիկիս՝ իմ օրինական ներկայացուցչի ներկայությամբ գրում եմ այս դիմումն այն մասին, որ հաշտվել եմ հորս հետ, որևէ բողոք չունեմ նրա դեմ, խնդրում եմ քրեական գործի վարույթը կարճել»:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մ.-ն եւս հայտնել է հետեւյալը. «Որդիս հաշտվել է ամբաստանյալ Սարգիս Մ.-ի հետ, ներկայումս գտնվում են լավ հարաբերությունների մեջ, որևէ բողոք և պահանջ չունենք ամբաստանյալի դեմ, խնդրում ենք քրեական գործի վարույթը կարճել»:

Նույն օրը դատարան է ստացվել մեղադրյալ Սարգիս Մ.-ի դիմումը հետևյալ բովանդակությամբ. «Հայտնում եմ, որ հաշտվել եմ որդուս հետ, գտնվում եմ լավ հարաբերությունների մեջ, համաձայն եմ, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի»:

Դատարանը որոժել է քրեական գործի վարույթը կարճել: Մեղադրյալ Սարգիս Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ:

Գործով դատախազը, սակայն, համաձայն չէ որոշման հետ եւ արդոն բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: