2015 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը վճարել է 42 մլրդ 649 մլն 961 հազար դրամի հարկ: Այս ընկերությունը ցուցակի առաջին հորիզոնականում է եղել նաեւ 2014 թվականին:

Հայաստանի հարկային ծառայությունը հրապարակել է 2015 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը, որտեղ երկրորդ տեղը զբաղեցրել է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը (27 մլրդ 505 մլն 901 հազար դրամի հարկ): Երրորդ տեղում «Ղ տելեկոմ» («Վիվասել ՄՏՍ») ընկերությունն է (18 մլրդ 628 մլրն 800 հազար դրամի հարկ):

Ցանկի 4-րդ հորիզոնականում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը 2015-ին վճարել է 18 մլրդ 255 մլն 286 հազար դրամի հարկ, իսկ առաջին 5-յակը եզրափակել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» (16 մլրդ 955 մլն 671 հազար դրամ):

 6-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են (16 մլրդ 494 մլն 203 հազար դրամ), 7-րդ տեղում՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է, որը վճարել է 15 մլրդ 466 մլն 983 հազար դրամի հարկ:

8-րդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» հայ կանադական ՀՁ-ն է (13 մլրդ 699 մլն 722 հազար դրամ), 9-րդ տեղում՝ «Ֆլեշ» ընկերությունը (12 մլրդ 751 մլն 28 հազար դրամ) եւ վերջապես խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «CPS oil քորփորեյշն» ընկերությունը՝ 9 մլրդ 465 մլն. 202 հազար դրամի հարկային մուտքերով: