ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» վերնագրով հակահայկական զեկույցը մեծ չարիք էր, եւ այդ առումով Հայաստանը կարեւոր հաղթանակ տարավ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հայկական կողմն այս ուղղությամբ շատ լավ աշխատանք է տարել:

«Այն, ինչ որ մենք տեսանք, սառցաբեկորի գագաթն էր: Հայկական կողմը շատ լավ աշխատանք է տարել, խոսքը միայն պատվիրակության մասին չէ, գիտեք, որ այս գործին լծված է եղել ԱԳՆ–ը, քաղաքական կուսակցությունները՝ Հանրապետականը, ՕԵԿ-ը, ԵԺԿ նախագահին էինք դիմել եւ ստացել նրա աջակցությունը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ կար քաղաքական հավասարակշռության խնդիր՝ մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցի դեպքում, հաղթեց պրոադրբեջանական քվեարկությունը:

«Ադրբեջանական մամուլը նայելիս հասկանալի է, որ իրենց մոտ դժգոհությունը երեկվա քվերակությունից ավելի մեծ է: Կար քաղաքական հավասարակշռության խնդիր՝ մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, համեմատաբար սեգմենտար խնդրում հաղթեց պրոադրբեջանական քվերակությունը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը  ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։