Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու գործով տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը կարծում է, որ մեղադրյալ Հերիքնազ Խաչատրյանի հանցանքն ապացուցված է, եւ 11 տարի 6 ամսվա ազատազրկման դատավճռով ճիշտ քրեաիրավական որակում է տրվել վերջինի արարքին:
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը առաջին ատյանի դատարանը բեկանելու հեռանկար գրեթե չունի:
«Ապացույցներն ավելի քան բավարար էին եւ փոխկապակցված` կատարված հանցանքը առաջադրված մեղադրանքնով: Ես գտնում եմ, որ որեւէ արդյունքի չեն հասնի»,-նշեց Հովիկ Արսենյանը:
Փաստաբանը նկատեց, որ մեղադրվող կողմը պաշտպանական սխալ է թույլ տվել` չհասկանալով`ինչ ասել է թրաֆիքինգի հանցակազմ:
«Ես չեմ ուզում իմ կոլեգայի հասցեին որեւէ բան ասել, բայց այստեղ մասնագիտական խնդիր գոյություն ունի: Այն, որ պաշտպանը ավելի քան հաճախակի ասում էր, որ սա կամ նա անբարո են եղել, մարմնավաճառությամբ են զբաղվել, էլ ի՞նչ թրաֆիքինգ, արդեն պիտի խոսվի այն մասին, որ թրաֆիքնգի հանցակազմի վերաբերյալ մակերեսային մասնագիտական մոտեցում ունի: Բայց եթե պաշտպանական կողմը գտնում է, որ վճիռը պետք է բողոքարկի, թող այդպես էլ անի»,-ասաց փաստաբանը:
NEWS.am-ի հետ զրույցում Հերիքնազ Խաչատրյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատավճիռը բեկանելու պահանջով բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել, դատական նիստի օրը, սակայն, դեռեւս նշանակված չէ:
«Շատ ուժեղ ու սուր բողոք է, ապացույցներ եմ ներկայացրել, որ Հերիքնազն անմեղ է»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 1-ին մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:
Հիշեցնենք, Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:
Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թրաֆիքինգի զոհ դարձել:




























