ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին ընդունված բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի հարցը դեռ փակված չէ։ Հայկական պատվիրակությունը այլ բանաձեւերի միջոցով պետք է կարողանա իրական պատկերը վերականգնել, չեզոքացնել այդ զեկույցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Ինչ վերաբերում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցի տապալմանը, Զաքարյանը նշեց, որ այդ հարցում շատ կարեւոր էր օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։
«Քվեարկությունից օրեր առաջ Մինսկի խմբի հայտարարությունը ճիշտ ժամանակին էր արված եւ հայկական կողմի բոլոր այն փաստարկների վկայությունն էր, որ հարգելի պատգամավորներ, դուք բոլորդ գործ ունեք բարդ, նուրբ կոլնֆլիկտի հետ եւ քվեարկությունից առաջ խնդրում եմ ինքներդ ձեզ հաշիվ տվեք՝ հանուն ինչի եք քվեարկում։ Շատ կարեւոր էր այդ հայտարարությունը»,-ասաց Զաքարյանը։
Հանրապետական պատգամավորը նաեւ ընդգծեց, որ երկու հակահայկական զեկույցներից մեկի տապալումը հայկական կողմի վերջին շրջանի ակտիվ աշխատանքների արդյունքն էր։ Կարծում է՝ ստեղծված իրավիճակից դասեր պետք է քաղեն։ «Այս գործընթացներից բոլորս պետք է հետեւություն անենք, որպեսզի թույլ չտանք նման տիպի իրավիճակ»։
Դիտարմանը, թե եթե տապալումը հաջողվել է նաեւ հայկական կողմի ակտիվ աշխատանքների շնորհիվ, ընդունո՞ւմ են, որ ադրբեջանական խավիարային քաղաքականության դեմ պայքարը Հայաստանի պատվիրակության ուժից վեր չէ, պարզապես համապատասխան աշխատանքներ չեն տարվում ժամանակին, ինչի պատճառով հակահայկական զեկույցները հանձնաժողովներից հասնում են մեծ օրակարգ, պատասխանեց․«Անհնարին ոչինչ չկա։ Ես իմ փորձից եմ ասում, մեծ ու լավ ցանկության, ճիշտ աշխատանքի դեպքում անհնարին ոչինչ չկա։ Պետք է վերլուծել՝ ինչու մենք հասանք այս իրավիճակին եւ ինչ պետք է անել, որ հետագայում չկրկնվի»։




























