Նավթի գնի անկումից հետո քաղաքացիները հարցադրումներ են հնչեցնում, թե ինչու չի իջնում բենզինի գինը, բայց որքան է իջել Ռուսաստանում, որտեղ նավթն այդքան էժանացել է, սրա մասին չեն հարցնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով այն հարցադրումներին, թե ինչու նավթի գնի շեշտակի անկումից հետո Հայաստանում չի էժանանում բենզինը։
«Եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ Ռուսաստանում բենզինի գինը շատ չի իջել։ Այսինքն՝ համամասնությանը նայեք, որքան որ նավթի գինն է իջել, այդքան չի կարող իջնել բենզինի գինը։ Պետք է նայել, որ այսօրվա բենզինի գնի մեջ որքան է նավթի տեսակարար կշիռը, մաքսիմում 10-12 տոկոս է կազմում, այսինքն՝ այն բաղկացած է նավթավերամշակման գործարանի ծախսերից, շահույթից, ներկրման տրանսպորտային ծախսերից, տեղական հարկերից, էստեղի վաճառողների շահույթից, որ գումարենք այս ամենը կստացվի այդ գինը»,-ասաց տնտեսագետը։
Չնայած իր հիմնավորումներին՝ պատգամավորը եւս համաձայնեց, որ որոշ չափով էժանանալու անհրաժեշտություն կա։




























