Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ, որ իրենք կոալիցիան նպատակահարմար են համարում միայն որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն ունենալու դեպքում։
«Մենք բռնե՞լ ենք ԲՀԿ-ի ձեռքերը, որ որոշումների վրա ազդելու հնարավարություն չունեն, ի՞նչ ենք անում։ Նախկինում, որ կոալիցիայի մեջ էին, բռնե՞լ էինք իրենց ձեռքերը։ Կառավարությունը միասնական մարմին է, երբ կոալիցիոն հուշագիր են ստորագրում, իրենց ծրագրային դրույթներից էլ է մտնում կառավարության ծրագրի մեջ, եւ գործունեություն են ծավալում ու իրականացնում դրանք, ի՞նչն է խնդիրը։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ ինքը պիտի գնա կառավարություն, վերցնի մի նախարարություն ու մի ծրագիր իրականացնի, ճիշտ չի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նա պնդեց, որ հնարավոր չէ, որ այլ կուսակցություն, անգամ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն միջամտի կոալիցիոն գործընկեր նախարարների գործին։ Մեր հիշեցմանը, որ ԲՀԿ-ն նախկինում կոալիցիայից դուրս եկավ հենց որոշումների վրա ազդելու հնարավորություն չունենալու հիմնավորմամբ, Այվազյանը պատասխանեց. «Կառավարությունը կոլեգիալ մեկ մարմին է։ Ես չեմ տեսել, որ որեւէ կուսակցության ներկայացուցիչ հրաժարական տա, ասի՝ ես էս ինչ ծրագիրն ուզում էի անեի, կառավարությունը խանգարեց։ Խնդրեմ ներկայացրեք՝ որտեղ չի եղել հստակություն, թող ներկայացնեն... ոնց թե նախարարներին թույլ չեն տալիս աշխատելու, ձեռքե՞րն ենք բռնել»,-ասաց նա՝ գործընկերներին խորհուրդ տալով որդեգրել քաղաքական հստակ վարքագիծ։
«Չես կարող օրվա կեսը մի տեսակ լինել, մյուս կեսը՝ այլ, շաբաթվա կենտ օրերին ընդդիմադիր, զույգ օրերին՝ դիմադիր, եթե մտնում ես գործընթացի մեջ, պետք է հստակ վարվելաձեւ ունենաս։ Դուրեկան է, թե ոչ, եթե քաղաքական գործունեությամբ ես զբաղվում, պիտի հստակ վարքագիծ ունենաս»,- ամփոփեց նա։




























