Իմ կինը զբաղվում է հասարակական եւ հանրօգուտ աշխատանքով։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով իր կնոջ` Ռազմական բժիշկների ասոցիացիայի նախագահ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ սոցիալական ցանցերում հնչող քննադատությանը։

«Սա հասակարական գործունեություն է, որը օգուտ է մեր ժողովրդին, եւ այդ քննադատությունները չգիտեմ` ինչին են ուղղված: Կուզեի, որ մարդիկ զբաղվեին իրենց գործերով, իսկ ես իմ ընտանիքը հարգում եմ, սիրում, ես իմ ընտանիքով եմ նվիրված իմ հայրենիքին»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Նախարարն ընդգծեց, որ իր մտերիմների ու հարազատների շրջաններում պաշտոնյաներ չկան, իսկ իր կինը հասարակական գործունեությամբ է զբաղվում։

«Նա Ռազմական բժիշկների ասոցիացիան է ղեկավարում, որի հիմնական նպատակը բժիշկներին համախմբելն է, նրանց դերակատարությունը բարձրացնելը, գիտական աշխատանքով զբաղվելը, ազատամարտիկների, զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելը»,– ասաց նախարարը` նշելով, որ Ռուզան Խաչատրյանն իր գործունեությամբ լրացնում է ամուսնու հիմնական գործը` հայրենիքի պաշտպանությունը։