Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերի 27-ին նախկին ամուսնու հասցրած դանակի 30-ից ավելի հարվածներից մահացած 38-ամյա Հեղինե Դարբազյանը նախկինում ոստիկանությունում բողոք է ներկայացրել, որ նախկին ամուսինը սպառնում է սպանել իրեն, սակայն իրավապահները բավարար քայլեր չեն ձեռնարկել, որ կանխեն այդ սպառնալիքների իրականացումը: Այս մասին NEWS.am-ին ասաց սպանվածի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը՝ նշելով, որ եթե ոստիկանության աշխատակիցները լուրջ վերաբերվեին հարցին, միգուցե ամուսինների միջեւ կոնֆլիկտը սպանությամբ չավարտվեր:
«Ինքս եմ քրոջս հետ գնացել, երկու էջ՝ ծավալուն բողոք է գրել, ասել է, որ իրեն սպառնում է սպանել: Ոստիկանությունն ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկել: Ոստիկանը, ում մոտ ցուցմունքը գրել ենք, գլուխը կախ է: Վերջերս մի առիթով տեսանք, ասում էր՝ էստեղ իմ մեղքի զգացումն ունեմ նույնիսկ»,- ասաց քույրը՝ նշելով, որ դեպքից մեկ շաբաթ առաջ Արտակ Առաքելյանը գնացել է նախկին կնոջ՝ վարագույրների խանութ, կոտրել կարի մեքենան, որով նա աշխատում էր:
Սպանվածի քույրը պատմեց, որ Արտակն ու քույրը ամիսներ առաջ են բաժանվել: Արտակն առաջին ամիսներին թույլ չի տվել, որ Հեղինեն աշխատանքի գնա, սպառնացել է, որ կսպանի:
«Հետո հասկացավ, որ չի կարող չթողնել, որովհետեւ միակ աշխատողը Հեղինեն ա, ինքը լիքը պարտքեր ունի, բանկերը զանգում են: Հետո մենք էինք տանում բերում խանութ, ինչ պատկերացնեինք, որ կարող է ցերեկով, բոլորի աչքի առաջ նման բան անել»,- պատմեց քույրը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր http://news.am/arm/news/288074.html տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: Գործի դատաքննությունն արդեն սկսել է:



























