36–ամյա Մուհիթին Քըզըլասլանն ու 35-ամյա Հաջի Այդինը ծանոթացել են 2001-ին` թուրքական Էլազիհ քաղաքում բանակային ծառայություն անցնելիս: 2003-ին զորացրվելուց հետո Մուհիթինը մեկնել է Ստամբուլ, որտեղ սկսել է տեքստիլի բիզնեսով զբաղվել:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, որոշ ժամանակ անց նա իր մոտ է կանչել իր բանակային ընկեր Հաջի Այդինին: 2006-ին Մուհիթինը Հաջիին հայտնել է իր հայրենի քաղաք Մուշ մեկնելու մտադրության մասին: Հաջիին, որը Ստամբուլում ապրելու ընթացքում հասցրել էր թմրանյութերի հակում ձեռք բերել, դա դուր չի եկել: Նա իր դժգոհությունն է հայտնել Մուհիթինին` ասելով, որ եթե վերջինս չէր պատրաստվում Ստամբուլում մնալ, ինչու հրավիրեց իրեն:
Նրանց միջեւ լեզվակռիվ է սկսվել, որը վերաճել է արյունալի հաշվեհարդարի: Կատաղած Հաջին վերցրել է դանակն ու նախկին ծառայակցին 27 հարված հասցրել: Սպանությունից հետո նա մարմինը փաթաթել է ծածկոցի մեջ եւ տարել այն տան մոտ, որտեղ ապրում էր հանգուցյալը: Հարմար պահի սպասելով` նա մարմինը նետել է Մուհիթինի տան դռան առջեւ:
Մուհիթինի հարեւանները դռան մոտ դիակ նկատելով` տեղեկացրել են ոստիկանությանը: Հետաքննության ընթացքում օրինապահները հարցաքննել են նաեւ հանգուցյալի մտերիմ ընկերոջը, որը ցուցմունքներ տալուց հետո մեկնել էր Մուշ քաղաք, որտեղ էլ մասնակցել էր հուղարկավորությանը:
Հենց այստեղ է նա տեսել ծառայակցի քրոջը, որին սիրահարվել է: Մեկ տարի անց նա ամուսնացել է Սուբհիեի հետ (այդպես էր մահացածի քրոջ անունը): Հարսանիքից հետո նորապսակները տեղափոխվել են Բուրսա քաղաք, որտեղ Հաջին աշխատել է որպես զբոսավար արաբ զբոսաշրջիկների համար:
Բայց նրա գործած հանցագործությունը հետապնդել է նրան: Վերջին 10 տարիներին ամեն գիշեր Հաջիին տանջել են մղձավանջերը: Ի վերջո, ընկերոջն սպանողի խիղճն արթնացել է, նա օրերս մեղայականով ներկայացել է ոստիկանություն:




























