Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացումը, ներքին լարվածությունը  կարող են ավելի լարել իրավիճակը սահմանին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:

«Բայց մենք պատրաստ ենք բոլոր տիպի զարգացումներին: Այն որ Ադրբեջանի ռեսուրսները գնալով կպակասեն, արտաքին քաղաքականության մեջ հակահայկական գործողությունների մասով, Ադրբեջանի էներգետիկ նշանակության դերակատարությունը Արեւմուտքի ու նաեւ Ռուսաստանի համար կպակասի, դա  աստիճանաբար նկատելի է»,-ասաց Զաքարյանը:

Ըստ նրա` Իրանի միջազգային տնտեսական սուբյեկտ դառնալուց հետո Ադրբեջանի դերակատարությունը տարածաշրջանում կնվազի նաեւ տնտեսական առումով. «Եվ տնտեսական, եւ կոմունիկացիոն առումով կպակասի Ադրբեջանի դերակատարումը, ինչը շատ կարեւոր է: Բացի սրանից, Վրաստանն աստիճանաբար պետք է հասկանա ու գիտակցի, որ  թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերություններից խիստ կախվածությունը կարող է վտանգել նաեւ Հայաստանի հետ կայուն զարգացումները, դա եւս կարեւոր է: Այսինքն` կան եւ դրական նոտաներ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական միջավայրի ընդգծման առումով եւ խնդիրներ, որոնք սպառնալիքների տեսքով կարող են լինել»,-ասաց Արտակ Զաքարյանը` նշելով, որ Ադրբեջանի ռեսուրսների նվազումը կարող է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ լուծմանը:

«Իհարկե, հնարավոր է, որ Ադրբեջանի տնտեսական վիճակի վատացումը հանգեցնի ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Մեզ պետք է, որ Հարավային Կովկասում հավասարակշռված շահեր լինեն,  մեզ պետք է, որպեսզի գերտերությունների շահերը Հարավային Կովկասում համընկնեն, եւ մենք կարողանանք ավելի շատ տնտեսական շահեր ունենալ»,-ասաց նա: