«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 5-օրյա ջրադուլից հետո կազդուրման փուլում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը:
Նրա խոսքով, Հայկն այժմ լուրջ առողջական խննդիրներ ունի, նա ջրազրվել է, նրան անհրաժեշտ է հոգածություն եւ լավ սնունդ:
«5 օր ջրադուլ արեց, դա ահավոր բան է, ազդում է բոլոր օրգանների գործունեության վրա: Պետք է շատ հյութ, միրգ, վիտամիններ ընդունի, որ կազդուրվի: Ուղարկում ենք, չգիտեմ էլ ուտում է, թե ոչ: Նրա մոտ ծխից ալերգիկ երեւույթներ են առաջացել, ինչ ուտում է դուրս է տալիս, թթվածնի քաղցից անընդհատ հազում է, դրա համար էլ պահանջում էր, որ մենախուց տեղափոխվի: Տեղափոխվել է եւ հիմա կազդուրման փուլում է»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ին իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հացադուլ էր սկսել, իսկ հունվարի 18-ից` ջրադուլ: Նրա պահանջը հունվարի 23-ին բավարարվել էր, նրան տեղափոխել են մենախուց, որից հետո Հայկ Կյուրեղյանին տեղափոխել էին մենախուց:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:




























