Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 2015թ. նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ն լիովին ապաքինվել է, ձմեռային արձակուրդի ավարտից հետո կվերադառնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուսինեի քույրը՝ Ն.Ս.-ն՝ հավելելով, որ քույրը վերջերս է սկսել լավ քայլել:
Անդրադառնալով քրոջ հոգեվիճակին՝ տիկին Նունեն նշեց, որ ամեն ինչ կարգին է, թեւ, ոստիկանությունից դեռեւս ոչ մի նորություն չկա քրոջը գերնյարդային վիճակի հասցնող երկամյա վաղեմություն ունեցող իր բնակարանից խոշոր չափի գումար եւ ոսկեղեն թալանելու գործը բացահայտելու ուղղությամբ տարվելիք խոստացված քայլերից:
Հոգեբանի հետ հանդիպումների շնորհիվ, Լուսինեի քրոջ խոսքով, նրա մանկահասակ երկու դուստրերը եւս լավ հոգեվիճակում են, նրանց այլեւս տանջում մոր ինքնասպանության փորձերի տեսարանների հիշողությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմանում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:
Լուսինե Ս.-ն երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել: Իսկ դեպքից առաջ սկանդալ է սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:
Կինը երկու տարի առաջ իր բնակարանում գողության դեպքից հետո նյարդային վիճակում է հայտնվել, պայքարում է, որպեսզի ոստիկանները բացահայտեն գողությունը:
Լուսինե Ս.-ի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքը որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում:




























