«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, հունվարի 4-ից կալանավորված Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում որեւէ բռնաճնշում չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  «Այս հարցը իմ անմիջական հսկողության տակ է գտնվում, ես ամեն օր հետաքրքրվում եմ Գեւորգ Սաֆարյանի վիճակով, կարող եմ վստահ ասել, որ որեւէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ: Սկզբնական շրջանում Սաֆարյանը դժգոհել է խցի պայմաններից, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության նախարարը համոզված է, որ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ, եւ, առհասարակ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում ձերբակալվել է Ամանորի գիշերը: Նա մեղադրվում է ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: