Հայաստանի իշխանությունների եւ ՀՅԴ-ի համագործակցությունն անհրաժեշտ է: Այդ մասին, այսօր՝ հունվարի  29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ հնարավոր դաշինքին:  

Նրա խոսքով, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում, թե ինչ եղանակով ներկայացված լինի, առավել եւս` ՀՅԴ-ի նման քաղաքական ուժը:  «ՀՅԴ-ն համահայկական կառույց է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, այս կամ այն կերպ վերաբերում է մեզ: Սիրիայում առկա է Թուրքիա-Ռուսաստան հստակ դիմակայություն:  Թուրքիան նաեւ  ամեն ինչ անում է Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու համար: Մենք պիտի գիտակցենք, որ կան մարտահրավերներ, որոնց պետք է պատասխանել», - նշել է Հակոբյանը:

Այդ տեսանկյունից, շարունակել է պատգամավորը, ՀՅԴ-ն, ելնելով համահայկական շահերից, պիտի համագործակցի իշխող կուսակցության հետ:  «Բայց դա միայն ՀՅԴ-ին չի վերաբերում. իրավիճակն այնպիսին է, որ մենք բոլորս պիտի համատեղենք մեր ռեսուրսները: Ձեւաչափն էական չէ, կարեւոր է գիտակցել ճիշտ նշաձողը եւ համագործակցել հանուն պետական շահերի», - հավելել է Ռուբեն Հակոբյանը: