«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի խումբ երիտասարդներ այսօր՝ փետրվարի 1-ին, հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն արդեն կես ժամ է՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Անտարբերությունը նոր հանցագործությունների է հանգեցնում» գրությամբ պաստառներով կանգնած են դատախազության շենքի առջեւ, սակայն ոչ մեկ դեռ չի մոտեցել նրանց:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ լիազորված մեկը իջնի շենքից եւ ստանա իրենց պահանջագիր-նամակը, որով պահանջում են նաեւ պատժել Գեւորգ Սաֆարյանի գործով տուժող ճանաչված՝ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին՝ պնդելով, որ բռնություն է գործադրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:
Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է:





























