«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին, ձվեր նետեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատախազությունից այդպես էլ ոչ ոք չմոտեցավ ակցիայի մասնակիցներին, նրանք իրենց դիմում-պահանջը հանձնեցին շենքում:

«Նոր Հայաստան»-ի անդամներից Գագիկ Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն դատախազությունում մոտեցել է աշխատակիցներից մեկը, որը, սակայն չի պատասխանել իրենց հուզող հարցերին: Նա հեռախոսահամար է տվել ու ասել, որ մի քանի օրից զանգեն դատախազություն եւ տեղեկանան, թե երբ կլինի դիմում-նամակի պատասխանը: Այսօրվա ակցիան այսքանով ավարտվեց:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները նաեւ պահանջում են պատժել Գեւորգ Սաֆարյանի գործով տուժող ճանաչված՝ Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին՝ պնդելով, որ նա բռնություն է գործադրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է: