Երեւանի Աբովյան Սայաթ-Նովա խաչմերուկից այսօր` փետրվարի 1-ին, բերման են ենթարկվել «Ազատություն Գեւորգ Սաֆարյանին» ակցիայի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա ձվեր նետած ակտիվիստներ Վարազդատ Բարսեղյանին եւ Փայլակ Թեւանյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը:

«Մենք դեռ ոչ մի բանից տեղյակ չենք, գիտենք, որ տղաներին բերման են ենթարկել եւ հիմա պարզում են, թե դատախազության շենքը կարող էր էդ ձվերից վնասվել թե, չէ: Կպարզեն, նոր կորոշվի` տղաներին ազատ կարձակեն, թե ոնց»,-ասաց գագիկ Եղիազարյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ երկու երիտասարդների նկատմամաբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից հետո նրանք ազատ կարձակվեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին, ձվեր են նետել ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել  «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է: