«Ազատություն Գեւորգ Սաֆարյանին» ակցիայի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա ձվեր նետած ակտիվիստները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից, որտեղ այսօր` փետրվարի 1-ին, բերման էին ենթարկվել ակցիայից հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը:
Գագիկ Եղիազարյանն ասաց, որ բերման ենթարկված Վարազդատ Բարսեղյանն ու Փայլակ Թեւանյանը պատմել են, որ ոստիկանությունում իրենց ասել են` հաշվարկում են վնասի չափը, եթե այն գերազանցի 30 հազար դրամը, ապա տղաները կարող են նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվել:
Ավելի վաղ NEWS.am-ին Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ երկու երիտասարդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին, ձվեր են նետել ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է:





























