Բաքվում սկսում են ընդունել, որ Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այստեղ հարց է ծագում. եթե Բաքուն ընդունում է, որ Ղարաբաղը եղել է հակամարտության կողմ, ապա ինչպե՞ս այն կարող է լուծվել առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի իշխանությունների մասնակցության
Ադրբեջանական մեր գործընկերներն ու նրանց կողմից շատ սիրված տեղական որոշ քաղաքագետներ, ինչպես ասվում է, իրենց գլխին փորձանք բերեցին։ Սկզբունքորեն ոչ մի առանձնահատուկ բան էլ տեղի չի ունեցել։ Պարզապես այսօր առավոտից կրքոտ եռանդով ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէ և չի կարող լինել բանակցային գործընթացի կողմ, նրանք ԼՂՀ-ն ճանաչեցին որպես հակամարտության կողմ։
«Ոչ մի տեղ, ոչ մի հանդիպման ժամանակ ղարաբաղյան անջատողականները չեն եղել բանակցային կողմ, այլ դիտվել են որպես հակամարտության կողմ»,- 1news.az-ին հայտնել է ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ Դեռ ավելին, նա հիշել է անվիճելի այն փաստը, որի մասին Բաքվում ամեն կերպ փորձում են մոռանալ. այն է՝ հրադադարի մասին համաձայնագրի տակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի ստորագրության առկայութունը։ «Ես շատ լավ եմ հիշում 1993-94 թթ. բանակցությունների այդ սկզբնական ժամանակաշրջանը, քանի որ անձամբ եմ անմիջական մասնակցություն ունեցել դրանց, և ոչ ոք Ղարաբաղի ներկայացուցիչներին չէր ընկալում որպես բանակցողների։ Այո, նրանք ստորագրել են փաստաթղթերը զինադադարի շուրջ համաձայնագրի կնքման ժամանակ, սակայն որպես հակամարտության կողմ»,- անկեղծացել է Մուսաբեկովը, հավանաբար, լավ չհասկանալով, թե ինչպիսի դավադիր մտքեր է արտահայտում՝ խախտելով այն բոլոր կաղապարները, որոնցով ղեկավարվում է Ադրբեջանի պետական քարոզչամեքենան։
Այստեղ հարց է ծագում. եթե Բաքուն ընդունում է, որ Ղարաբաղը եղել է հակամարտության կողմ, ապա ինչպե՞ս այն կարող է լուծվել առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի իշխանությունների մասնակցության։ Չէ որ նույնիսկ ամենահիվանդագին երևակայության մեջ անգամ չի կարող տեղավորվել այն պատկերը, երբ ինչ-որ մեկը հակամարտում է, իսկ մյուսները հետո խաղաղ դաշն են կնքում։ Լիովին ակնհայտ է, որ հեռանկարային կարող են լինել միայն այն համաձայնագրերը, որոնք ձեռք կբերվեն հակամարտող բոլոր կողմերի բանակցությունների արդյունքում, որոնց թվին նույնիսկ Բաքվում են արդեն սկսել դասել Լեռնային Ղարաբաղը։
Եվ իհարկե, անմիջապես առաջ է գալիս Հայաստանի պատասխանատվության, իսկ ավելի ստույգ՝ նրա 1998-2008 թթ. իշխանությունների կողմից բանակցային գործընթացների շրջանակից Լեռնային Ղարաբաղին հանելու հարցը։ Դրա համար հայկական երկու պետություններին այժմ հանդիմանում են ոչ միայն հարևան հանրապետությունում, այլև հենց Հայաստանում։ Դեռ ավելին, հայ բազմաթիվ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ աջակցում են բանակցություններում ինչպես Հայաստանը, այնպես էլ ԼՂՀ-ն ներկայացնելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտադրությանը, լիովին գիտակցել են նման քաղաքականության սխալականությունը։ Այո, սխալն արվել է։ Սակայն պետք չէ մոռանալ, որ կյանքն առաջ է գնում։ Այսօր և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում գործնականում բոլորը համակարծիք են բանակցային գործընթացին Ղարաբաղի իշխանությունների լիիրավ մասնակցության անհրաժեշտության հարցում։ Հենց իրադարձությունների նման զարգացման անխուսափելիությունն են ընդունում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հայտարարելով, որ ինչ-որ փուլում ԼՂՀ իշխանությունները կմիանան բանակցությունների մյուս մասնակիցներին։
Հավանաբար, հենց բանակցային գործընթացի աշխուժացումն ու ոչ հեռու ապագայում պաշտոնական Ստեփանակերտի դրանց միանալու անխուսափելիությունն է ստիպում ադրբեջանական լրատվամիջոցներին՝ իրենց զրուցակիցների հետ միասին հիստերիա բարձրացնելու, կամ պնդելով, որ Ղարաբաղը բանակցությունների մասնակից չէ, այլ միայն հակամարտության կողմ, կամ էլ, որ հակամարտության կողմ են հանդիսանում միայն Ադրբեջանն ու հայերին ուղղորդող Ռուսաստանը, ինչպես դա արել էր Ալիևի մեկ այլ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։ Դե ինչ, ոչինչ չէս կարող անել. այդքան էլ հեշտ բան չէ դառը իրականության հետ հաշտվելը։




























