2015 թվականին Հայաստանը շարունակել է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Անհատական գործընկերության գործողությունների (ԱԳԳԾ) եւ այլ ծրագրերի շրջանակներում: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ հունվարի 14­16­ը Հայաստան է այցելել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ­ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

ՀՀ Ազգային ժողովի հրավերով հունիսի 18­20­ը Երեւանում անցկացվել է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով ՆԱՏՕ­ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ­Ռոթ 89­րդ սեմինարը, որին որպես հիմնական բանախոսներ ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները:

Դեկտեմբերի 1­ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում` ՆԱՏՕ­ի կենտրոնակայանում, մասնակցել եւ ելույթ է ունեցել Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից ՆԱՏՕ­ի անդամ եւ գործընկեր պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 10­ին ՆԱՏՕ­ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ­ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձեւաչափով նիստը` ՀՀ­ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014­2015թթ. գնահատման զեկույցը քննարկելու նպատակով:

Նոյեմբերի 2­6­ը Հայաստանում անցկացվել է հերթական՝ «ՆԱՏՕ­ի շաբաթ» միջոցառումը:

Ինչ վերաբերում է Հայաստանի խաղաղապահ գործունեությանը, հաշվետվությունում նշվում է, որ 2015թ. Հայաստանը շարունակել է իր նպաստը բերել միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործընթացներում:

Սեպտեմբերի 28­ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել եւ ելույթ է ունեցել Խաղաղապահության գագաթաժողովին:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ 2016թ. շարունակելու մասնակցությունը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» եւ Կոսովոյում իրականացվող առաքելություններին:

Հայ խաղաղապահները շարունակել են մասնակցել Լիբանանում ՄԱԿ­ի՝ UNIFIL խաղաղապահ առաքելությանը:

2015 թվականից Հայաստանը մասնակցում է ՄԱԿ­ի հովանու ներքո Մալիում իրականացվող խաղաղապահ դիտորդական առաքելությանը։

Փետրվարի 5­7­ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Մյունխենյան անվտանգության համաժողովին:

Հոկտեմբերին Երեւան է այցելել ՄԱԿ­ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն, ով հանդիպում է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Փետրվարի 17­ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Ամստերդամում կայացած «Խաղաղության եւ պաշտպանության ապահովում. ՄԱԿ­ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորությունը» միջազգային համաժողովին:

Հոկտեմբերի 5­6­ը Երեւանում տեղի է ունեցել խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողով: